Հիփոթեքային շուկան գերտաքացած է, արդյունաբերության վարկերը նվազում են. ում են վարկավորում բանկերը
- Azdarar Handes
- Jan 12, 2024
- 2 min read
Մեկ տարվա համեմատությամբ հիփոթեքային վարկերի ծավալը 2023 թվականի նոյեմբերի վերջի դրությամբ աճել է 27%-ով։ Դրան նպաստել է ակտիվ կառուցապատումը Երևանում և հիփոթեքին ուղղվող եկամտային հարկի վերադարձի ծրագիրը, որը աստիճանաբար դադարեցվում է։ Իսկ քանի դեռ այն գործում է, կառուցապատողները շտապում են շինթույլտվություններ ստանալ, գնորդները՝ հիփոթեքային վարկեր ձեռք բերել։
Արդյունքում, «կատաղի» տեմպով ավելանում է շինարարությունը Երևանում, որի հետևանքներից է նաև շինարարության ոլորտին տրված վարկերի ծավալի նույնքան բարձր աճը։ Նոյեմբերի վերջի դրությամբ շինարարության ոլորտի վարկերի ծավալը հայաստանյան բանկերում կազմել է մոտ 484 մլրդ դրամ՝ մեկ տարում աճելով 42%-ով։
Տնտեսագետ Էդգար Աղաբեկյանը նկատում է, որ այսօր հիփոթեքային վարկերի բարձր աճին զուգահեռ բարձրանում են նաև տների գները։ Ըստ նրա՝ հիփոթեային շուկան գերտաքացած է, ինչը ռիսկային է թե՛ բանկերի, թե՛ հաճախորդների համար։
«Հիմա բարձր տնտեսական աճ կա, մարդկանց եկամուտները թույլ են տալիս վերցված վարկերը փակել։ Սակայն, եթե հետագայում տնտեսական աճն ու մարդկանց եկամուտները նվազեն, իսկ հիփոթեքը երկարաժամկետ վարկ է, մարդիկ մարելու խնդիրներ կարող են ունենալ։ Եթե եկամուտը պակասեց, և՛ իրենք են դժվարությամբ փակելու, և՛ եկամտային հարկն է պակասելու, որը ուղղում են նույն վարկին։ Բանկը, որը գրավ է վերցնում հիփոթեք տրամադրելիս, գուցե, ավելի ապահովագրված է, սակայն նա ևս խնդիրների առաջ է կանգնում, երբ վարկառուն չի կարողանում վճարել, քանի որ գրավը իրացնելու հարց է առաջանում, գրավի արժեքը կարող է պակասել։ Բանկը հիփոթեքը տրամադրում է ավանդատուներից վերցված փողերի հաշվին ու պետք է կարողանա դրանք ժամանակին վերադարձնել»,- ասում է տնտեսագետը։
Նրա խոսքով՝ բանկերն ու քաղաքացիները այսօր պետք է ավելի զգուշավոր լինեն, հաշվի առնեն, որ այսօրվա տնտեսական աճը արտաքին գործոններով է պայմանավորված և անկանխատեսելի է, թե հետագա ինչ ազդեցությունների այն կենթարկվի։
«Կենտրոնական բանկը պարբերաբար բարձրաձայնում է անշարժ գույքի շուկայի գերտաքացման մասին։ Վերջերս փոխեց գրավ-վարկ հարաբերակցությունը։ Բանկերը գնահատում են ռիսկերը, բայց տնտեսության կանխատեսումները միշտ չէ, որ իրականանում են և անկանխատեսելի ռիսկեր են առաջանում, ինչպես համավարակը, ռուս-ուկրաինական պատերազմն ու դրա ազդեցությունը Հայաստանի տնտեսության վրա և այլն»,- ասում է Էդգար Աղաբեկյանը։
Comments